Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Օբսիդիանի ծիածանվող տեսակը հանդիպում է միայն Վանա լճի ափերին»

«Օբսիդիանի ծիածանվող տեսակը հանդիպում է միայն Վանա լճի ափերին»
25.11.2014 | 12:50

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը նախապատրաստվում է յուրովի: Նշենք, որ թանգարանում 2012-ից բացվել է Արա Դիլդիլյանի անվան միներալների սրահը, որտեղ ցուցադրվում է ամերիկահայ կոլեկցիոների նվիրաբերած միներալների ողջ հավաքածուն: Թանգարանի վարիչ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ հավաքածուն ստեղծելու համար մեծ դեր է խաղացել հայրենիքում` Մարզվան քաղաքում 1910-ին բացված թանգարանը: Թանգարանի տնօրենի անցկացրած էքսկուրսիան շրջադարձային է եղել 12-ամյա Արայի համար:
Գողտրիկ այս պատմության մանրամասները 2015-ին կներակայացվեն երկրաբանական թանգարանի այցելուներին: Տեսանյութի պատրաստմանը աջակցել են մի խումբ հայորդիներ, թուրքեր, ինչպես նաև նվիրատուի քրոջ որդին` Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Արմեն Մարսուբյանը: «Նվիրատուի տունը դեռևս կանգուն է, այնտեղ թուրքեր են բնակվում: Մարզվանի թանգարանը, որ այդպես խանդավառել է նրան, նախնական տվյալներով, եռահարկ է: Հաջողվել է կապ հաստատել թանգարանի տնօրենի աղջկա հետ, որը որոշ տեղեկություններ կտրամադրի: Կուզեի իմանալ` ինչպիսին են ներսի հարդարանքը, թեմատիկ դասավորությունը, ինչ միներալներ են ցուցադրվել»,- ասաց Գայանե Գրիգորյանը։ Անդրադառնալով «Առանձնանո՞ւմ են արդյոք Արևելյան և Արևմտյան Հայաստանների քարատեսակները» հարցին` պատասխանեց. «Իհարկե կան տարբերություններ. օրինակ` հրաբխային ապակու` օբսիդիանի ծիածանվող տեսակը հանդիպում է միայն Վանա լճի ափերին: Հայկական անվանումը վանակատ է: «Ծիածանվող օբսիդիան» դեռ չենք գտել մեզ մոտ, բայց կա Արևմտյան Հայաստանում: Այլ տեղեկություն չունենք: Այնտեղից նմուշներ բերել չենք կարող, արգելված են նաև մեր մասնագետների ուսումնասիրությունները»: Թեև թանգարանն ունի յուրօրինակ մի նմուշ Թուրքիայից։
«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում այս տարի երկրաբանության թանգարանում ցուցադրվել է ոսկերիչ-դիզայներ Նուռի (Արման Դավթյան) «Արրատա» ստեղծագործությունների շարքը: Դիզայները թանգարանին նվիրել է Արարատ լեռան գագաթից բերված մի նմուշ: ՈՒսումնասիրությունները ցույց կտան, թե ինչ գոյացություն է, ինչպիսի լավաներ են հոսել Արարատի գագաթին:
Հետաքրքրո՞ւմ է արդյոք երկրաբանության թանգարանը թուրք մասնագետներին: Զրուցակիցս ասաց, որ ակադեմիայում գիտաժողովներին մասնակցող արտասահմանյան մասնագետները հաճախ են այցելում թանգարան: Այս տարի հերթական այցի ժամանակ, այն պահին, երբ ներկայացվել է թանգարանում ցուցադրվող Արարատի մակետն ու նշվել, որ յուրաքանչյուր հայ իրենն է համարում Բիբլիական Արարատը, թեկուզ և դեռ գտնվում է սահմանի այն կողմում, ակնարկին անմիջապես հաջորդել է ներկաներից մեկի արձագանքը` ինչո՞ւ եք այդպիսի բան ասում, մենք կարծում ենք, որ այդ սարը մերն է: Պարզվել է, որ նա ազգությամբ թուրք է, գիտաժողովին մասնակցել է որպես Թուրքիայի ներկայացուցիչ:
Գայանե Գրիգորյանը հավելեց նաև, որ Արմեն Մարսուբյանը ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ է կազմակերպել Թուրքիայի մի շարք քաղաքներում, ներկայացնելով Մարզվանի նախկին բնակիչների լուսանկարները։ 2015-ի ապրիլին սույն ցուցահանդեսը կբացվի նաև Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ